Գլոբալ բանկերից մեկն առաջին անգամ պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր ձեռք բերել
Գլոբալ բանկերից մեկն առաջին անգամ պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր ձեռք բերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Armbrok ներդրումային ընկերության ակտիվների կառավարման և բրոքերային ծառայությունների վարչության պետ Աշոտ Մինասյանը Երևանում անցկացվող Cbonds կապիտալի շուկայի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ։
Նա պարզաբանեց, որ խոսքը ոչ թե արտարժութային պետական պարտատոմսերի (եվրաբոնդերի), այլ հայկական դրամով արժեթղթերի մասին է։ Ընդհանուր առմամբ զարգացող երկրներում արևմտյան ներդրողների համար շահավետ է փոխարկել իրենց գումարները և ներդրումներ կատարել լոկալ արժույթներով, որոնք ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն:
«Մենք տեսնում ենք գլոբալ բանկերի իրական հետաքրքրությունը ու մոտ ենք դրանցից մեկի հետ առաջին գործարքին։ Այս գործարքի տեսակը նրանք պատրաստվում են դարձնել ներդրումային գործիք իրենց հաճախորդների համար՝ ի դեմս արևմտյան ներդրումային ֆոնդերի», - ասել է Մինասյանը։
Նրա խոսքով` միակ խնդիրը հայկական շուկայի փոքր ծավալներն են, ինչը նշանակում է, որ հայկական արժեթղթերը համեմատաբար ցածր իրացվելի են։ Սակայն հետաքրքրությանը զուգահեռ, կաճի նաև ներդրողների թիվը, հետևաբար` նաև շուկայի ծավալը: Իհարկե, ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացումը, որը տեղի է ունենում վերջին մեկ տարվա ընթացքում, հանգեցնում է նրան, որ կապիտալը զարգացող երկրներից հոսում է դեպի զարգացած երկրներ: Սակայն, Մինասյանի խոսքով, միևնույն է` հայկական արժեթղթերը, ամերիկյանների համեմատ, եկամտաբերության բավականին զգալի տարբերություն ունեն՝ մոտ 11,5 տոկոս 5–ի դիմաց (եթե համեմատենք միջնաժամկետ պարտատոմսերը)։
«Սա էական տարբերություն է, իսկ եթե հաշվի առնենք վերջին մեկ տարվա ընթացքում դրամի արժևորումը դոլարի նկատմամբ, ապա ստացվում է, որ մեկ տարի առաջ եկած ներդրողներն այսօր լրացուցիչ 20% վաստակած կլինեին փոխարժեքի փոփոխության հաշվին», - նշել է նա:
Օտարերկրյա ներդրողներին նախևառաջ առաջարկվում են պետական պարտատոմսեր, քանի որ պետությունը դիտվում է որպես ավելի հուսալի թողարկող, իսկ պետական արժեթղթերը` ավելի իրացվելի (այսինքն՝ հեշտ վաճառվող): Բացի այդ, այսօրվա դրությամբ արտերկրից հայկական արժեթղթերի գնման էլեկտրոնային «կամուրջը» (Clearstream միջազգային քլիրինգային համակարգի միջոցով) գործում է միայն պետական պարտատոմսերի համար։
«Այժմ մեր խնդիրն է ավելացնել ոչ ռեզիդենտների մասնաբաժինը պետական պարտատոմսերում։ Դրանից հետո կարելի է խոսել նաև կորպորատիվ թղթերի համար տեխնիկական հնարավորություններ բացելու մասին», - ավելացրել է ֆինանսիստը։
Ընկերության հաճախորդների թվում արդեն կան Ռուսաստանի ռեզիդենտներ, որոնք ներդնում են հենց պետական պարտատոմսերում։ Նրանց հետաքրքրությունը է՛լ ավելի մեծ է ի հաշիվ նրա, որ Հայաստանում որևէ խտրական մոտեցման չեն ենթարկվում։ Ի հակառակ սրա` խոշորագույն արևմտյան քլիրինգային համակարգերում (ինչպես Clearstream-ում, այնպես էլ Euroclear-ում) այժմ ռուսաստանյան ներդրողների հաշիվները տարանջատվում են, ինչը նախկինում չի արվել: Նման պրակտիկան կիրառվում է նույնիսկ այն ներդրողների համար, որոնք կապված չեն Ռուսաստանի Դաշնության կառավարության կամ պատժամիջոցների տակ գտնվող որևէ կազմակերպության հետ:
Այս գործողությունները որևէ բացատրություն չունեն, ինչը ստիպում է ենթադրել, որ մի օր այդ հաշիվները կարող են զանգվածաբար արգելափակվել։
«Այս առումով հայկական բոնդերում ներդրումներն ավելի պաշտպանված են։ Հավանականությունը, որ Հայաստանում նման բան տեղի կունենա, շատ ավելի ցածր է», - ավելացրել է Մինասյանը։
Նա նշեց, որ ռուսաստանյան ներդրողները կարող են արժեթղթեր գնել Հայաստանում՝ նույնիսկ տեղական բանկում հաշիվներ չբացելով։ Ամենակարևորն այն է, որ հաճախորդը լինի թափանցիկ ու պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված չլինի։