Ազատի զինվորական կացարանում հրդեհից ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել. Factor
Հայտնի է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահվան պատճառը։ Դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ մահը վրա է հասել «շմոլ գազից և այրվածքային շոկից»։ Այս մասին գրում է Factor.am-ը։
15 զինծառայողներից 14-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն արժանահավատ չի համարում փորձաքննության արդյունքները, բացի այդ, նշում է, որ եզրակացություններն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել դրանց պատասխանները։
«Բնականաբար, որոշակի հարցեր են առաջացել, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբ է այն ներթափանցել ննջասենյակ, ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ով է վառել վառարանը, ինչպես է առաջացել գազը, և եթե, ըստ եզրակացության, զինվորների մահը վրա է հասել շմոլ գազից, ապա ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ տարածքում ողջ մնացած զինվորներն առնվազն չեն թունավորվել»,- ընդգծում է Նորայր Նորիկյանը։
Որ փորձաքննության արդյունքներն ավելի են խորացրել կասկածները և ընդլայնել հակասությունների շրջանակը, ասում է նաև կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Չէին կարող 8 հոգի մահանալ շմոլ գազից։ Եթե շմոլ գազից 8 հոգի մահացել են, նշանակում է, որ առաջին մահացողներից մեկը պիտի լիներ հենց Եղիշե Հակոբյանը»,- ասում է Սարգսյանը։
Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով, այրվածքներն ու շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան։ Զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ եթե տղաները ողջ են եղել, ապա գիտակից չեն եղել։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ զոհված 8 զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, չեն եղել նաև արյան մեջ ալկոհոլի պարունակության շեղումներ։
Այդ դեպքում, ինչո՞ւ զինվորները դուրս չեն եկել, քանի որ, ըստ կապիտան Հակոբյանի ցուցմունքի, ննջարանի դուռը բաց է եղել, իսկ կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան։ Դեպքից անցել է շուրջ երկու ամիս, բայց մինչ օրս չկան այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ, եղած տեղեկություններն էլ հակասական են։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասում է՝ կապիտան Եղիշե Հակոբյանի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել, բայց այն հայտնաբերվել է ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում։ Թե որ զինվորի մասին է խոսքը, կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը չհստակեցրեց։
Մանրամասները` կայքում։