Քաղաքականություն

Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ

Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ

Թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» (IP) առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ լքում է վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը նախագահի թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով, ուրբաթ հաղորդում է Daily Sabah-ը։
 

«Մենք անխոնջ աշխատել ենք ընդդիմության ձայնը լսելի դարձնելու, ժողովրդի ակնկալիքները ընդդիմությանը հասցնելու համար։ Երեկվա հանդիպմանը հինգ կուսակցություններ առաջադրեցին Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ մենք՝ Մանսուր Յավասին և Էքրեմ Իմամօղլուին։ Ցավոք, մեր առաջարկը մերժվել է»,- ասել է Աքշեները։ Նրա խոսքով՝ դաշինքն այսկերպ ապացուցեց, որ «իր որոշումներում չի արտացոլում ժողովրդի կամքը», ուստի IP-ն հեռանում է դրանից։
 

Միաժամանակ Աքշեները նշել է, որ իր կուսակցությունը կշարունակի հակադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։
 

Նա նաև հորդորել է իր թեկնածուներին՝ Յավաշին և Իմամօղլուին, որոնք համապատասխանաբար Անկարայի և Ստամբուլի քաղաքապետեր են, «շարունակել կատարել իրենց առաջադրանքները» և փորձել հաղթել ընտրություններում։
 

Իր հերթին դաշինքի մեծամասնությամբ առաջադրված Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ անհանգստության պատճառ չկա։
 

«Մի անհանգստացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է նա։
 

Հունվարին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Սկզբում ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունից նշել են, որ հունիսին կայանալիք ընտրությունները կհամընկնեն բարձր տուրիստական ​​սեզոնի հետ, ուստի ավելի լավ է դրանք հետաձգել։
 

Նախընտրական հարցումները ցույց են տալիս, որ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններում պայքարը կոշտ է լինելու։

 

Արևմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար «ամենամեծ փորձությունը» վերջին 20 տարում։ Միևնույն ժամանակ, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ընդդիմության՝ միասնական թեկնածուի հարցում անկարողությունը կարող է նկատելիորեն թուլացնել նրա դիրքերը և Էրդողանին հաղթելու լրացուցիչ հնարավորություններ տալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250