«Հայբիզնեսբանկը» չի կարողանում իր սեփականության իրավունքը գրանցել Սուրիկ Խաչատրյանին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի նկատմամբ

 Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 3-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, շարունակվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: 

Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Գրում է Hetq-ը:

 

Այսօրվա դատական նիստին քննարկվեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված միջնորդությունը։

Ըստ այդ միջնորդության՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն խնդրում է ներգրավվել այս դատական գործընթացին՝ որպես երրորդ անձ։ Պատճառն այն է, որ բանկի գրավի առարկա հանդիսացող Երևանի Այասի փողոց թիվ 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա կիրառվել է արգելանք, որի հետևանքով խախտվել են բանկի՝ որպես գրավառուի իրավունքները։ Եվ բանկը չի կարողանում իր գրավի առարկա գույքից բավարարում ստանալ։

 

Դատախազ Գևորգ Քոչարյանը լագրողների հետ զրույցում մանրամասնեց այս դեպքի հանգամանքները։ Ըստ նրա՝ վերոնշյալ անշարժ գույքը 2017թ. Սուրիկ Խաչատրյանը գրավադրել է «Հայբիզնեսբանկում» և դրա դիմաց ստացել է վարկ։ Հետագայում վարկային պարտավորությունները չեն կատարվել, և 2019թ. բանկը դիմել է Սնանկության դատարան՝ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Պահանջը բավարարվել է, և 2019-ին Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել։ 

 

«Քանի որ այդ վարկային պարտավորությունները գրավով են ապահովված եղել, սնանկության վարույթի շրջանակներում այդ գույքը հանվել է հրապարակային սակարկությունների։ Աճուրդով բանկը ձեռք է բերել այդ գույքը, վճարել է սնանկության կառավարչին, այդ վճարված գումարներով մարվել են Սուրիկ Խաչատրյանի վարկային պարտավորությունները, բայց քանի որ այդ ընթացքում արդեն արգելանք է դրված եղել այդ գույքի վրա՝ որպես Սուրիկ Խաչատրյանին պատկանող ապօրինի գույք, կադաստրային գրանցում բանկը չի կարողանում կատարել։ Այսինքն՝ ինքը վճարել է այդ գույքի դիմաց, բայց չի կարողանում կադաստրում իր սեփականության իրավունքը գրանցել»,- ասաց դատախազը։

Գևորգ Քոչարյանի խոսքով՝ նախքան իրենց կողմից հայցը դատարան մուտք անելը, նույնիսկ նախքան ուսումնասիրությունները սկսելը, բանկն արդեն այդ գույքի նկատմամբ պահանջներ է ունեցել։ Դատախազն ասաց, որ բանկի ակնկալիքներն ակնհայտ են, և եթե լինի պետական գրանցումը, որ տվյալ գույքը պատկանում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, դատախազության հայցապահանջից պետք է դուրս գա այդ գույքը։

 

Նշենք, որ Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող խնդրահարույց գույքը ներառված է դատախազության հայցապահանջի Ա կետում։ Դատախազությունն առաջարկում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել այն, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ։

 

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմը դատարանին հայտնեց, որ առարկություններ չունի։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը ևս բովանդակային առումով առարկություններ չուներ, սակայն նշեց՝ դեմ է, որ այս միջնորդությունը քննարկվի այս դատական նիստով և առաջարկեց հայցի հիմքի և առարկայի փոփոխության հետ կապված միջնորդության մասին դատարանն իր որոշումն ընդունի, ապա անցնի հաջորդ միջնորդություններին։

Նախորդ դատական նիստին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին։ Միջնորդությունն առանձին որոշմամբ թույլատրել էր դատարանը։ Իսկ այսօրվա նիստին, մինչ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միջնորդության քննարկումը, դատախազը հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ միայն տեխնիկական բնույթի շտկումներ կատարելու նպատակով է։

Վահագն Գրիգորյանն առարկեց հայցի առարկայի փոփոխության միջնորդության դեմ՝ նույն հիմնավորումներով, որոնք ներկայացրել էր նախորդ միջնորդության վերաբերյալ։ Իսկ հիմքի փոփոխության վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացուցիչն առարկություններ չուներ։

Դատարանը հայտնեց, որ դատախազի ներկայացրած միջնորդության, ինչպես նաև «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միջնորդության մասին որոշումները կկայացնի առանձին ակտի ձևով։

 

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 31-ին՝ ժամը՝ 15։00-ին։

Քաղաքականություն