
Խուդաթյանը պատասխանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։
Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաեւ TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։
Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի–Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:
Հիշեցնենք` Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել էր. «Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կդառնա Զանգեզուրի միջանցքի բանալին»: