
ՊՆ նախկին շենքի բնակիչներն շարունակում են դրսում մնալ. 2 մանկահասակ երեխա հոսպիտալացվել է

ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած եւ այնտեղից վտարված քաղաքացիները արդեն մեկ շաբաթ է, դրսում են, վրան են տեղադրել շենքի մոտ եւ այնտեղ են ապրում:
Վրանի բնակիչներից մեկը նշեց. «Երկու անչափահաս երեխաներ, որոնք դեռ չեն քայլում, հիվանդանոցում են. երեկ մեկին են տարել, այսօր՝ մյուսին: Կանայք են վատացել, տղամարդկանց մեջ էլ երկուսը վատացել էին: Շտապօգնությունը օգնություն ցուցաբերել է: Մենք այստեղ ենք մնալու մինչեւ հասնենք մեր նպատակին, վերադառնանք մեր տները: վերադառնանք մեր բնակարանները, որտեղից ստեղծվել է մեր բանակը, որտեղ ծնվել է մեր սպարապետը, որտեղից հաղթանակ ենք ունեցել»:
Մի կին էլ նշեց, որ երեք օր մնացել են դրսում, մինչեւ վրան են խփել. «Երկրորդ վրանը խփելու թույլտվություն չեն տալիս: Այս ընթացքում շատերն են մեզ մոտեցել, այդ թվում պատգմավորներ: Մի դեպուտատ մեզ օգնել է, որ առաջին վրանը դրել ենք: Պետական մարմիններից որեւէ արձագանք չունենք: Սպասում ենք, որ կմոտենան, հույս ունենք, որ կա նախագահ, որ ցանկություն կունենա տեսնել ժողովրդի վիճակը»:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։
Այս պահի դրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի ապահովել է կացարանով։