
Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 340 քաղաքացիների կացությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման` 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։
Դրանից 89 134 500 դրամը կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին` մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, 8 326 000–ը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։
Նշենք, որ տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիների կացության ծախսերը փոխհատուցելու առաջին որոշումն ընդունվել էր 2023թ հունվարի 12-ին, հատկացվել էր 114 850 900 դրամ, երկրորդ որոշումն ընդունվել էր հունվարի 26-ին, հատկացվել էր 98 490 500 դրամ։ Նախորդ երկու որոշումներով փոխհատուցվել էր մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած ծախսերը։
Նոր հատկացմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։
Նշենք, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։