
Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին արգելել է օգտվել TikTok-ից

Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին արգելել է բջջային հեռախոսներում օգտագործել չինական TikTok հավելվածը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է Le Monde-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։
Ինչպես հայտնում է Euractiv-ը, փետրվարի 23-ի առավոտյան Եվրահանձնաժողովի աշխատակիցները նամակ են ստացել, որում պահանջվում է, որ մինչև մարտի 15-ը TikTok-ը հանվի ոչ միայն աշխատանքային սարքերից, այլև անձնական սմարթֆոններից, եթե դրանց վրա տեղադրված են հավելվածներ, որոնք օգտագործվում են աշխատանքի համար։
TikTok-ի արգելքը մտցվում է Եվրահանձնաժողովի տվյալները պաշտպանելու և նրա կիբերանվտանգությունը բարելավելու նպատակով, ասվում է նամակում։ Աշխատակիցները, ովքեր չեն հեռացնի հավելվածը մինչև մարտի 15-ը, չեն կարողանա օգտվել կորպորատիվ փոստից և Skype-ից, զգուշացվել է նամակում։
Աշխատակիցները, ովքեր ցանկանում են TikTok-ը պահել իրենց անձնական սարքերում, պետք է հեռացնեն աշխատանքային հավելվածներն իրենց հարմարանքներից:
TikTok-ի խոսնակը Politico-ին և Euractiv-ին տված մեկնաբանությունում Եվրահանձնաժողովի որոշումը սխալ է անվանել և «հիմնված հիմնովին սխալ պատկերացումների վրա»:
«Մենք կապվել ենք Հանձնաժողովի հետ՝ պարզաբանելու և բացատրելու, թե ինչպես ենք պաշտպանում ԵՄ-ում 125 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր ամեն ամիս մուտք են գործում TikTok», - ասել է ծառայության ներկայացուցիչը:
Փետրվարի սկզբին Նիդեռլանդների կառավարությունը հանձնարարել էր հետախուզական գործակալություններին ուսումնասիրել պետական հեռախոսների վրա TikTok-ի օգտագործման ռիսկերը։
2022 թվականին ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն առաջարկեց օրինագիծ, որով արգելվում էր TikTok-ի օգտագործումը կառավարական սարքերով:
Չինական հավելվածն օգտագործվում է «լրատվությունը շահարկելու և ընտրությունների վրա ազդելու համար», - ասել է նա։ Օգոստոսին Ռուբիոյի օրինագիծը միաձայն հաստատվեց Սենատում։
Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշեց փակել իր TikTok հաշիվը այն բանից հետո, երբ պատգամավորները մտահոգություն հայտնեցին տվյալների անվտանգության վերաբերյալ:
Նոյեմբերին TikTok-ը հրապարակեց նորացված գաղտնիության քաղաքականությունը Եվրոպական տնտեսական տարածքի երկրների, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության համար։ Դրանում նշվում է, որ ընկերության աշխատակիցները հեռակա հասանելիություն ունեն օգտատերերի տվյալներին, սակայն TikTok-ը ճշգրիտ տեղեկատվություն չի հավաքում Եվրոպայում օգտատերերի գտնվելու վայրի մասին։