Պուտինը պատրաստվում է Ռուսաստանին միացնել նաև Բելառո՞ւսը․ գաղտնի փաստաթուղթ

Աշխարհի տարբեր երկրների լրագրողներից կազմված «Досье» կենտրոնի ձեռքի տակ է հայտնվել ՌԴ իշխանությունների ներքին փաստաթղթերից մեկը՝ վերնագրված՝ «Բելառուսական ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակները»։ Լրագրողների պնդմամբ՝ այդ փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը պլանավորում է 2030 թվականին ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Բելառուսի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը և ռազմական պոտենցիալը, գրում է Hetq.am-ը։
 

Նախագծի պլանավորումն արվել է 2021 թվականին։ Լրագրողները նշում են, որ փաստաթուղթը կազմված է 17 էջից, որտեղ շարադրված են Բելառուսում ռուսական իշխանությունների քաղաքական, պաշտպանական, առևտրային ու սոցիալական նպատակները։ Դրանք բաժանված են կարճաժամկետ (մինչև 2022 թվականը), միջնաժամկետ (մինչև 2025 թվականը) և երկարաժամկետ (2030 թվական) նպատակների։

 

Այսպես, ըստ այդ փաստաթղթի՝ 2030 թվականին ռուսական իշխանությունները Բելառուսի օրենսդրությունը ադապտացրած կլինեն ռուսականին, վերահսկողություն կունենան այդ հանրապետության արտաքին քաղաքականության նկատմամբ և կվարեն այն ՌԴ շահերին համապատասխան։ Բացի այդ, կավելացվի ռազմական ներկայությունն այդ երկրի տարածքում։ Ռուսաստանը նախատեսում է նաև իրեն ենթարկել Բելառուսի տեղեկատվական համակարգը, մեծացնել ռուսական ԶԼՄ-ների թիվը, հասնել ռուսերենի գերակայությանը բելառուսերենի նկատմամբ, ինչպես նաև՝ Բելառուսի քաղաքացիներին հեշտացված կարգով տրամադրել ՌԴ քաղաքացիություն՝ «ռուսաստանցիների շերտի ստեղծման նպատակով, որոնք հետաքրքրված են ինտեգրմամբ»։

 

Ավելին, ըստ լրագրողների՝ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են իրենց ազդեցությունը տարածել բելառուսական կրթական ու գիտական համակարգերի միջոցով։ Դրա համար նախատեսվում է այդ երկրի տարածքում բացել ռուսական բուհեր, անցկացնել ընդունելության միասնական քննություններ, Մոգիլյովում, Գրոդնոյում ու Վիտեբսկում ստեղծել ռուսական գիտական և մշակութային կենտրոններ։

 

Լրագրողները նշում են, որ ռուսական իշխանություններն իրենց պլանների իրագործման համար պատրաստվում են օգտվել նաև Միութենական պետության պայմանագրից, որը երկու երկրները ստորագրել էին դեռևս 1999 թվականին։ Դրա շուրջ բանակցությունները ձգվում էին շուրջ երկու տասնամյակ։ 2019 թվականին հայտարարվեց, որ երկու երկրներին հաջողվել է համաձայնեցնել 28 միութենական ծրագիր, որոնք վերաբերում են տնտեսական հարցերի, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցմանն ու հարկային օրենսդրությանը։

 

Նշվում է, որ պլանի մշակմանը մասնակցել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի, Գլխավոր հետախուզական վարչության, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ նախագահի աշխատակազմի սահմանային համագործակցության վարչությունը, որը գլխավորում է Ալեքսեյ Ֆիլատովը։ Վերջինս Կրեմլի շահերը ներկայացնում էր Հարավային Օսիայում և Աբխազիայում, ինչպես նաև համակարգում էր Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններին տրամադրվող հումանիտար և քաղաքական աջակցությունը։

 

«Досье»-ն գրում է, որ լրագրողները փաստաթուղթը ցույց են տվել արտաքին փորձագետներին, որոնք հաստատել են, որ այն արժանահավատ է և դրան պետք է լուրջ վերաբերվել։ Մասնավորապես, այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ «Բելառուսի նկատմամբ Ռուսաստանի նպատակները նույնն են, ինչ Ուկրաինայի նկատմամբ, միայն Բելառուսի պարագայում Ռուսաստանը հենվում է պարտադրանքի, այլ ոչ պատերազմի վրա»,- հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Քաղաքականություն

Պատահարներ