Քաղաքականություն

Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասում․ Չավուշօղլու

WRed
Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասում․ Չավուշօղլու

Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

«Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության:

 

Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար:

 

Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է:

 

«Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

 

Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին:

 

«Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը:

 

Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250