«Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են ՊՆ-ին և նախարարին». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: Վարդապետյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

 

Դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց.

 

«Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, ինձ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետև իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը և նախարարին»,-նշեց Քոչարյանը և հետաքրքրվեց՝ ճի՞շտ եմ հիշում, որ դա այն նույն Յաքուբյանն է, որը Դավիթաշենում Դավիթ Հարությունյանի հետ իրար կողքի առանձնատուն ունեն։ 

 

Վարդապետյանն ասաց, որ Անդրանիկ Քոչարյանի նշած անձի մասին է խոսքը․ 

 

«Սեյրան Օհանյանի դրվագից բացի, կա նաև մեկ այլ առանձին դրվագ, որը վերաբերում է Լոնդոնի արբիտրաժի հետ կապված հարցերին։ Քանի որ Սեյրան Օհանյանի հետ կապված չէ, մանրամասներ չեմ կարող ասել»։ 

 

Քոչարյանը նաև ասաց, որ այդ անձի հետ կապված Վազգեն Սարգսյանի կառավարության ժամանակ էլ ունեցել են քննարկում․ 

 

«Վազգեն պատկերացնո՞ւմ եք ինչ բուռն արձագանք կունենար նման կասկածելի դրսևորումների հետ կապված: Կարծում եմ՝ այս գործարքների մեջ շատ մեծ դեր են խաղացել այն ժամանակվա կառավարության աշխատակազմը և դրա ղեկավարը, որովհետև նման փառահեղ սալտոներ կարող էին անել Վահե Յաքուբյանն ու իրեն շրջապատող կառավարության մարդիկ։ Իսկ կառավարությունը ենթակա էր Սերժ Սարգսյանի որոշումներին։ «Գլենդել հիլզ»-ը դրա վառ արդյունքն է։ Գումար չծախսելով՝ հսկայական գումարների տեր են դարձել․․․ Կարծում եմ մեղավորների շրջանակը պետք է ընդլայնվի․․․ Եթե չեմ սխալվում՝ Վահե Յաքուբյանը Կանադայում պետք է լինի։ Նա պետք է հայտնաբերվի»։ 

 

Տեղեկացնենք` Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում նշված է․ 

 

«Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ»:
 

Մանրամասները` այստեղ: