ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet

 Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։ 

Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին կամ ԵՄ փաստահավաք առաքելություններին մուտք ապահովել Լեռնային Ղարաբաղ: Միջազգային ճգնաժամային խումբը անցյալ շաբաթ հրապարակեց զեկույց, որտեղ նշվում էր, որ ձեզ և ձեր գործընկերներին այդ որոշումը հեշտ չի տրվել, եղել է դիմադրություն․ ԵՄ-ում ոմանք ցանկանում էին կենտրոնանալ Ուկրաինայի վրա, մյուսներն անհանգստանում էին, որ նման բանաձևերը կարող են վտանգել Ադրբեջանի հետ կարևոր էներգետիկ գործարքները: Կպատմե՞ք, թե ինչ պահանջվեց այս բանաձևի ընդունման համար։ 

– Մեր բանաձևը լայն աջակցություն ստացավ և ընդունվեց Եվրախորհրդարանի կողմից՝ ցույց տալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացվող շրջափակումը դատապարտող զորեղ կոնսենսուս։ Մենք փաստերով և հստակ վերլուծությամբ ներկայացրեցինք, թե ինչ է կատարվում. չափազանց երկար ժամանակ է, ինչ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մուտք ունի Լեռնային Ղարաբաղ: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ ներկա կլինեն ՄԱԿ-ի գործակալությունները, հատկապես հիմա: Չափազանց երկար ժամանակ ԵՄ-ն իրեն հեռու է պահել հակամարտությունից: Այժմ, երբ հումանիտար ճգնաժամ է, և Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն։ 

Բանաձևը նաև դատապարտում էր ռուս խաղաղապահների ակնհայտ անգործությունը։ Անշուշտ, ԵՄ-ն շատ հստակ դիրքորոշում է որդեգրել անցյալ փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առնչությամբ, և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ ամենացածր մակարդակի վրա են: Այնուամենայնիվ, կարելի՞ է արդյոք ասել, որ Բրյուսելում ըմբռնում կա, որ Հայաստանն անհանգստացած է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմամբ և դրա հնարավոր բացասական ազդեցությամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, ինչը նրանց համար կարող է հանգեցնել անվտանգության ռիսկերի: 

– Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարությունները։ Փաստն այն է, որ չնայած ռուս «խաղաղապահների» առկայությանը, շրջափակումը շարունակվում է ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կասեցնել այն, նա դա արդեն արած կլիներ։ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանն էր պարտավորություններ ստանձնել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում երթևեկության վերաբերյալ, այլ ոչ թե ԵՄ-ն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պարտավորությունը ճանաչվել է ԵՄ-ի կողմից և հիշատակվել անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի անգործությունը չի վնասում ԵՄ-ին։ Այն վնասում է հայ ժողովրդին։ Մենք լսում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի թերահավատությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ կողմից գործադրվող ջանքերի նկատմամբ։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ նա Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմն է բռնում: Եթե ունես նման ընկերներ, թշնամիների կարիք չունես: 

Բացի ԵՄ-Հայաստան հարաբերություններից, ձեր հայրենի Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի անվտանգության մարտահրավերների մասին: Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես աջակցել է Հայաստանին և Արցախին։ Կցանկանայի՞ք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան է՛լ ավելի շատ ջանք, ռեսուրսներ և ժամանակ ներդնի կողմերի միջև միջնորդության համար: 

– Դուք իրավացիորեն եք ընդգծում, որ Ֆրանսիան Հայաստանի մասին հոգ տանող ամենաակտիվ երկիրն է։ Հարցն այն է, թե ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության լավագույն ձևաչափը: Ճիշտն ասած, ես ագնոստիկ եմ։ Անկախ նրանից՝ կատուն սև է, թե սպիտակ, քանի դեռ այն մուկ է բռնում, լավ է։ Ես այս պահին մեծ դինամիկա չեմ տեսնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավանաբար Ռուսաստանի աճող մեկուսացման պատճառով։ Ես ողջունում եմ առաջընթացը, որը ձեռք է բերվել անցած հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահներ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջև քառակողմ հանդիպման ընթացքում՝ Ֆրանսիայի ուժեղ ներդրմամբ։ Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվեց առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այն այժմ ընդլայնվել և երկարացվել է, և ես կարծում եմ, որ դա շատ դրական զարգացում է։ Ուստի, ըստ իս, այս քառակողմ ձևաչափը տեղին է։ 

ԵՄ-ի բանաձևը, Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Բրաուն-Պիվեի այցը, եվրոպացի առաջնորդների բազմաթիվ հեռախոսազանգերը․․․ բոլորը կոչ են անում վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Չնայած դրան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ, մեջբերեմ, ինքն այդ զանգերին պատասխանում է քաղաքավարությունից ելնելով։ Անկասկած, այս հայտարարություններն ու բանաձևերը կարևոր են և մեծապես գնահատվում են Հայաստանի կողմից։ Բայց մտահոգություններ կան, որ հայտարարություններն ու բանաձևերն ազդեցություն չեն ունենում։ Կա՞ որևէ լրացուցիչ բան, որը դուք կցանկանայիք տեսնել՝ շրջափակումը վերացնելու համար Բաքվի վրա ճնշում գործադրելու մասով

– Իմ առաջին արձագանքը կլինի պնդել, որ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Ես նաև կցանկանայի տեսնել փաստահավաք առաքելություն, որը շտապ կուղարկվի միջանցք: Սա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը՝ գնալ, տեսնել և բարձրաձայնել: Այդ դեպքում չպետք է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման հեռանկարից։ 

Եվրամիությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում առաքելություն տեղակայելու շատ կարևոր որոշում է կայացրել։ Հույս կա, որ նրանց ներկայությունը ապագայում կկանխի Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից ցանկացած հարձակում։ Սահմանի հայկական կողմում քաղաքացիական առաքելություն տեղակայվել էր անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Կարո՞ղ եք մի փոքր խոսել այս առաքելության մեջ Ֆրանսիայի ներգրավվածության և ներդրման մասին: 

– Ես վճռականորեն աջակցում եմ այս նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով: Ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ: