Հարձակումներ էին նախապատրաստել Թուրքիայում Շվեդիայի և Նիդեռլանդների հյուպատոսությունների վրա.15 մարդ ձերբակալվել է

 Թուրքիայի ոստիկանությունը 15 մարդու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապ ունենալու կասկածով, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ստամբուլի ոստիկանությանը։ 

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլում Շվեդիայի եւ Նիդեռլանդների հյուպատոսությունների, ինչպես նաեւ եկեղեցիների եւ սինագոգների վրա հարձակումներ կազմակերպելու համար մի խումբ մարդիկ են ձերբակալվել։ Միեւնույն ժամանակ Ստամբուլի ոստիկանությունը նշել է, որ չի կարող որեւէ «հստակ սպառնալիք» հաստատել։ 

Հետախուզումը, որը հանգեցրել է ոստիկանական գործողությանը, իբր ցույց է տվել, որ խմբավորումը կարող է հրահանգներ ստացել ԻՊ-ի մասնաճյուղից, որը կոչվում է «Իսլամական պետություն-Խորասան նահանգ եւ գործում է Հարավային եւ Կենտրոնական Ասիայում»: 

Շվեդիան եւ Նիդեռլանդները հայտնվել են Թուրքիայում սկիզբ առած զայրույթի կիզակետում այն ​​բանից հետո, երբ հակամուսուլմանական ակտիվիստը Ստոկհոլմում այրել է Իսլամի սուրբ գիրքը։ Հաագայում նույնպես նմանատիպ ակցիա է տեղի ունեցել։ 

Այս շաբաթ մի խումբ արեւմտյան երկրներ, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները: 

Նոյեմբերին Ստամբուլի բանուկ Իսթիքլալ պողոտայում, որը գտնվում է քաղաքի սրտում եւ մոտ է մի շարք օտարերկրյա հյուպատոսություններին, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւ եւս մի քանիսը վիրավորվել են: Թուրքական իշխանությունները հարձակման համար մեղադրել են քուրդ զինյալներին, սակայն նրանք հերքել են իրենց մասնակցությունը: