
Իսրայելում գերիների հարազատները կառավարության անդամների տների մոտ բողոքի ակցիա են անցկացնում

Իսրայելցի գերիների հարազատները, որոնք շարունակում են մնալ պաղեստինցի իսլամիստների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ձեռքում, բողոքի ցույցեր են անցկացրել Իսրայելի կառավարության վեց անդամների մասնավոր տների մոտ, այդ թվում՝ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ԱԳ նախարար Գիդեոն Սաարի տան մոտ, հայտնում է dpa գործակալությունը։
Ցուցարարները կոչ են արել նախարարներին հաստատել հրադադար Գազայի հատվածում և գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ՝ գերիների ազատ արձակման համար․
«Մենք չենք ների հետագա ձգձգումը։ Լսեք ժողովրդին․ կանգնեցրեք այս պատերազմը և վերադարձրեք բոլորին տուն»։
Օգոստոսի 18-ին AFP գործակալությունը ՀԱՄԱՍ-ի աղբյուրների հղումով հաղորդեց, որ նրանք ընդունել են Գազայում հրադադարի նոր առաջարկը։ Ըստ աղբյուրի՝ խոսքը 60-օրյա հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների երկու փուլով ազատ արձակման մասին է։ Ենթադրվում է, որ ահաբեկիչների ձեռքում գտնվող 50 իսրայելցի գերիներից կենդանի են մնացել 20-ը։
Իսրայելի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ համաձայն են հրադադարի առաջարկին։ Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, մի քանի հարյուր հազար մարդ Թել Ավիվում մասնակցել էր հանրահավաքին՝ պահանջելով Իսրայելի կառավարությունից գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ գերիների ազատ արձակման համար։