ՌԴ ՊՆ-ն` Լաչինով երթևեկության վերականգնման հարցով բանակցությունների մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյունը։