Ինչո՞ւ են Երուսաղեմում հարձակվում հայերի և հայկական թաղամասի վրա. իսրայելցի քաղաքագետը մանրամասնում է

 Վերջին շրջանում Իսրայելում՝ մասնավորապես Երուսաղեմ քաղաքում, հաճախակի են դարձել ազգությամբ հայերի ու հայկական սրբավայրերի դեմ ծայրահեղ ազգայնամոլ հրեաների հարձակումները։ «Հրապարակ»-ը իսրայելցի քաղաքագետ Յարոն Վեյսի հետ զրուցել է ատելության և անհանդուրժողականության այս դրսևորումների մասին։

 

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ մի խումբ երիտասարդ հրեաներ, հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների վրա, նրանց աչքերին գազ էին փչել։ Ավելի վաղ էլ իսրայելական բանակի զինվորականներն էին թքել խաչի վրա։

 

-Ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում ազգությամբ հայերի եւ հայկական թաղամասի ուղղությամբ հարձակումները։

-Նոր ձևավորված կառավարությունում կան ծայրահեղական կուսակցություններ, որոնք քարոզում են հրեաների գերակայություն։ Այս կուսակցությունների ղեկավարները նախկինում ձերբակալվել են՝ էքստրեմիստական գործողություններին մասնակցելու համար։ Հնարավոր է, որ հենց նրանք են ոգևորում երիտասարդ ծայրահեղական հրեա էքստրեմիստներին՝ հարձակվել հայերի վրա։

 

-Իրանի վրա հարձակում եղավ։ Ինչպե՞ս են ընկալում իսրայելցիներն այն հանգամանքը, որ ընտրությունները նոր են ավարտվել, իսկ Նեթանյահուն արդեն Իրանի ուղղությամբ քայլեր է կատարում։

-Իսրայելի հանրության մեջ այս հարցում կա կոնսենսուս և աջակցում է կանխել Իրանի միջուկային զենք ունենալու հնարավորությունը։

 

-Հավանական համարո՞ւմ եք, որ Իրանի պատասխանը կհանգեցնի պատերազմի։

-Հույս ունեմ, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմ չի լինի։ Բայց եթե այնուամենայնիվ պատերազմ լինի, ապա չեմ կարծում, որ դա վատ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Հայաստանը կկարողանա միայն շահել այն փաստից, որ շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել թե իսրայելի, թե Իրանի հետ։

 

-Իսրայելը վերջին երկու տարվա ընթացքում շատ է ակտիվացել մեր տարածաշրջանում։ Իրանի դեմ ունեցած նպատակնե՞րն են պատճառը։

-Իսրայելի հետաքրքրությունը տարածաշրջանում բիզնեսն է։ Միաժամանակ, հնարավոր է, որ Իսրայելն ունի այլ մղումներ, որոնք չի հրապարակայնացնում։ Կասկածից վեր է, որ Իրանին սահմանակից երկրի հետ սերտ հարաբերություններ ունենալը Իսրայելին ռազմավարական առավելություն է տալիս։ Ես չեմ հավատում, որ Իսրայելը շահագրգռված է փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

 

-Իսրայելը դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ եւ սերտ փոխհարաբերություններ Թուրքիայի հետ։ Արդյոք այս հանգամանքը Իսրայելին չի՞ դարձնում Հայաստանի համար ոչ բարեկամ երկիր։

-Ես աջակցում եմ Հայաստանին և Արցախին իմ ամբողջ սրտով։ Ես շատ մտահոգված եմ Իսրայելի սերտ համագործակցությամբ Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական ռեժիմների հետ։ Ցավոք սրտի, իսրայելական մեդիայի մեծ մասը, որոնք հովանավորվում են բիզնեսի և քաղաքական կուսակցությունների կողմից, գրեթե բացառապես ներկայացնում են միայն ադրբեջանական նարատիվ և շատ հազվադեպ են ներկայացնում հայկական նարատիվն աջակցող կողմին։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմական հանցագործների ձեռքում իսրայելական արտադրության զենքի առկայությունը վտանգում է Իսրայելի անվտանգությունը։ Իմ մտավախությունն այն է, որ զենքը կհայտնվի Իրանի ձեռքում կամ Ադրբեջանում հեղաշրջման դեպքում այն ուղղված կլինի Իսրայելի դեմ։ Մենք ցույցեր ենք անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարարության և Իսրայելի ռազմական գործարանների առաջ։ Սա բողոք էր՝  իսրայելական զենքի՝ ադրբեջանցիների ձեռքում գտնվելու վտանգի դեմ։ Իլհամ Ալիևը ռազմական հանցագործ է։ Հուսով եմ, Հայաստանը կաշխատի իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալում կամ առնվազն ամենուր նրան persona non grata դարձնելու համար: Ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների և խաղաղ բնակիչների սպանությունը սարսափելի է։ Ես ամաչում եմ, որ Իսրայելի պաշտոնյաները սերտ կապեր են պահպանում Ադրբեջանի հետ։

 

Քաղաքականություն

Պատահարներ