Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է․ Ռուբինյան

Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը, «Ազատության» հետ զրույցում ասել է խորհրդարանի փոխնախագահ («Քաղաքացիական պայմանագիր») Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև արձագանքել է իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։

 

Ստորև հատված հարցազրույցից.

 

 -Չեք գնում, ուղիղ չեք բանակցում միջանցքը փակողների հետ, առաջին փաստարկը։

 - Ես համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով առնվազն շատ պարզ է, սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որ ա) Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում, և այդտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում։

 

Երկրորդը՝ նախ Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում, բնականաբար, որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը, այսինքն՝ այլ կերպ ասած՝ ոչ մի կերպով չանել գործողություններ, որոնք վտանգի կենթարկեն այդ ազատ տեղաշարժը։ Բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը, և հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե սևով սպիտակին գրված է այն, ինչ պիտի լինի, այսինքն՝ պայմանավորվածությունն արդեն կա, և այն գրված է, բանակցել ինչի՞ շուրջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է, այդ խախտվածությունը պետք է վերականգնվի։

 

- Այդ պայմանագիրը խախտված է, և այդ պայմանագրի տակ նաև Հայաստանի ստորագրությունն է դրված։ Այնպես չէ, որ այն մի կետի վրա տարածվում է, մյուսի վրա՝ ոչ։

 

- Այո, բայց բանակցությունը ենթադրում է, որ կողմերը խոսում են այն փոխադարձ քայլերի մասին, որոնք կարող են իրականացվել այս կամ այն իրավիճակը ստանալու համար։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է, Լաչինի միջանցքի կարգավիճակը, գործունեության պարամետրերը ֆիքսված են և հաստատված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն՝ օրինակ, ըստ այդ քննադատների՝ եթե սկսենք վերաբանակցել փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որովհետև դա է նշանակում բանակցել այս իրավիճակի շուրջ, որտե՞ղ է երաշխիքը, որ նոր վերաբանակցվածը չի խախտվի երկու օր հետո։ Այսինքն՝ մենք նաև գործ ունենք Ադրբեջանի պայմանագրունակության հետ այստեղ։

 

 - Այսինքն՝ Դուք նկատի ունեք՝ մի անգամ բանակցելով Երևանն այդ շանտաժին ենթարկվելու է, և դա կարող է անընդհատ կրկնվել։

 

- Ես հիմա դետալների մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ այն, ինչի մասին պետք էր բանակցել, արդեն բանակցված է, և դրա արդյունքում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել, այսինքն՝ կա ֆիքսված փաստ չէ՞, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, և այն պետք է լինի բաց։ Հիմա դա այդպես չէ։

 

 - Ադրբեջանն ասում է՝ այնտեղ գրված չէր, որ հայկական կողմը պիտի «զենք, ականներ տեղափոխի, եկեք միջոցներ ձեռնարկենք՝ դա կանխելու»։

 

- Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել, այսինքն՝ եթե նույնիսկ ՀՀ-ն դա աներ, միևնույնն է՝ դրան անդրադարձ չկար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Եվ եթե խոսում ենք շրջափակման մասին, իսկ ի՞նչ, գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են և չեն թողնում՝ գազ լինի Ղարաբաղում։

Քաղաքականություն