ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանի ՊՆ-ն՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին
Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությունն ու ԶՈւ–ն։
«Շաբաթ երեկոյան անհաջող հարձակում է տեղի ուենցել պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտներից մեկի վրա. կիրառվել են փոքր դրոններ։ Բարեբախտաբար, անվտանգության միջոցների շնորհիվ 3 ԱԹՍ-ները ՀՕՊ համակարգի միջոցով խոցվել են և ոչնչացվել»,– ասված է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնում է գործակալությունը, հարձակման հետևանքով և դրանից հետո տեղի ունեցած պայթյունի պատճառով գործարանի տանիքն է վնասվել։ Հարձակման պատճառով ոչ ոք չի տուժել, սարքավորումների աշխատանքն էլ չի խափանվել։
Նշենք, որ շաբաթ գիշերը, լույս կիրակի, սկսել են հաղորդումներ ստացվել, որ ամբողջ Իրանի տարածքում ԱԹՍ–ներով բազմաթիվ հարձակումներ են տեղի ունենում։ Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում։