ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը` հայ ռազմագերիների, Լաչինի միջանցքի մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը։

 

Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Նշվում է, որ ի գիտություն է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենավերջին հրատապ ծանուցումը` ուղղված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը կոչ է անում վերահսկել Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ի իր որոշոման կատարումը Լաչինի միջանցքի վերաբերյալ և անհապաղ ու ամբողջությամբ իրականացնել միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցները:

Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ իրավիճակին։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

 

Փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ էլ մասնավորապես նշված է․ «Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը և իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել ընտրական դաշտի բարեփոխումը, շարունակել դատական համակարգի բարեփոխումները և ամրապնդել մամուլի ազատությունը։ Վեհաժողովը ուշադրությամբ կշարունակի հետևել Հայաստանում ինստիտուտների լիազորությունների հավասարակշռման և ժողովրդավարական մշակույթի հաստատման հետ կապված զարգացումներին»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, զեկույցում նշվում է, որ հիշյալ երկրում փոփոխություն չի եղել:

 

«Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների՝ քաղաքական երկխոսության հավատարմությունը, սակայն ցավում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանում իրավիճակը չի բարելավվել, և օրենքի գերակայության, բազմակարծական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մի շարք մտահոգություններ պահպանվում են։

Դրանք վերաբերում են նաև դատական համակարգի անկախությանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը, միավորումների ազատության և քաղաքական ազատությանը, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ու կալանքի ինստիտուտի հետ կապված ոչ բավարար պայմանների վերաբերյալ խնդիրներին»։

Քաղաքականություն