ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ներկայացվել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նշվում է, որ երկկուսակցական բանաձևի նախաձեռնողներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:
Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը դիմել միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ՝ ադրբեջանական զորքերի կողմից կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու համար: Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը օպերատիվ աշխատել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցք և Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու վերաբերյալ՝ ուսումնասիրելու անվտանգության և խաղաղ զարգացման առավել արդյունավետ և կայուն երաշխիքների հնարավորությունները:
Բանաձևի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին անհապաղ դադարեցնել ցանկացած նոր, ընթացիկ կամ սպասվող ամերիկյան ռազմական օգնություն կամ օգնություն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, ինչպես նաև ամբողջությամբ ուժի մեջ մտցնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը: Բացի այդ, բանաձևն աջակցում է ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ մարդու իրավունքների այլ լավ փաստագրված խախտումների համար, ինչպիսիք են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և հայերի համար մեծ նշանակություն ունեցող պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ավերումը:
Բանաձևն աջակցում է նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերին մշտական մարդասիրական օգնության և զարգացման նպատակով օգնության ԱՄՆ ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ Արցախում USAID-ի գրասենյակի հնարավոր բացմանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: