Օհանյանը չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, գաղտնի ռեժիմով է ԱԺ ուղարկվել. Խամոյան

 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու 3 միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 
 

«Ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ։ Հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետև նրան մերժել են տրամադրել այդ թույլտվությունը. խոսքը Հայաստանի և Արցախի նախկին պաշտպանության նախարարի մասին է, որն ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն»,– գրել է Խամոյանը։ 


Նրա խոսքով` ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու. ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։ 


Հիշեցնենք, որ Վարդապետյանը նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահին։

Քաղաքականություն