Երբվանից էին զինվորները տեղակայված Ազատի ժամանակավոր կացարանում․ 3 հայտարարություն, 3-ն էլ տարբեր. FIP
Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվեց 15 զինծառայող։ Դեպքից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին ինչպես դեպքի մանրամասների, այնպես էլ զինծառայողների տեղակայման վայրի պայմանների շուրջ։ Այս մասին գրել է FIP.am-ը:
Նույն օրը առավոտյան կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց, թե երբվանից է այդ տունը ծառայել որպես զինվորական կացարան․
«Այո, պարզ է, որ այդ կացարանը, որպես զինվորական, ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ էնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա չի նշանակում, որ․․․ դա ոչ մի բանի հետ կապ չունի, ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք ա հակահրդեհային կանոնները պահպանվեն»,- նշեց վարչապետը։
Դեպքից հետո Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ, և ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, պարզվել են դեպքի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ։
«Մասնավորապես, ըստ ստացված նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ՝ հունվարի 19-ի երեկոյան, Հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույցի ժամանակ զինվորների տեղակայման ժամկետներին անդրադարձավ նաև Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Հարցին՝ ինչո՞ւ են զինվորները բնակվում այդպիսի պայմաններում, Մարուքյանը պատասխանում է․
«Նույն հարցերը բնականաբար մենք ունենք, մեր մոտ էլ նույն հարցերն առաջացել է, և քանի որ դա իմ գործունեության ոլորտը չի, և ես պետք է ասեմ, որ հարձակումից հետո, (2022-ի) սեպտեմբերի 13-ի, երբ որ զորամասը պայթեցվել էր (Սոթքի զորամասը,- խմբ․), զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորանոցներ, և էն ընկերությունը, որը պետք ա դա մատակարարեր, անգամ առաջարկել են, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն, կառավարությունը չի համաձայնել և պահանջել է նորը։ Ամբողջությամբ նորը պատվիրել է, և որքանով որ գիտեմ, արդեն հասել է Հայաստան»։
Էդմոն Մարուքյանի խոսքից կարելի է հասկանալ, որ զինվորները նախօրեին այրված շինությունում տեղակայվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ հակառակորդը ռմբակոծել էր Սոթքի զորամասը։ Փաստացի՝ 3 տարբեր պետական սուբյեկտներ Ազատ գյուղում զինծառայողների տեղակայման մասին նշում են տարբեր ժամանակահատվածներ․ ըստ վարչապետի՝ 2020 թվականից, ըստ Քննչական կոմիտեի՝ 2021 թվականի մայիսի 13-ից, իսկ ըստ Էդմոն Մարուքյանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ պարզելու, թե ե՞րբ են, ի վերջո, զինծառայողները տեղակայվել Ազատ գյուղում և թե պաշտոնական մարմինների հայտարարություններից ո՞րն է համապատասխանում իրականությանը։
Մեզ հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ այդ կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:
«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- հավելեց ՊՆ խոսնակը:
Ինչ վերաբերում է տեղակայման ժամանակին՝ Արամ Թորոսյանն ասաց, որ հղում է անում վարչապետի հայտարարությանը՝ այդպիսով հաստատելով, որ գյուղի այդ տունը որպես ժամանակավոր կացարան ծառայում է 2020 թվականից։
«Տվյալ ստորաբաժանման տեղակայման համար շինությունը նախատեսվել է որպես ժամանակավոր կացարան 2020 թվականից, այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից, մինչև, ինչպես արդեն նշեցի, մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը»,- մասնավորապես, նշել է Թորոսյանը։
Ընդ որում, ՊՆ մամուլի քարտուղարը մեզ տրամադրեց նաև նոր մոդուլային զորամասերի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք, ըստ նախարարության, շահագործման համար պատրաստ կլինեն մինչև այս տարեվերջ։
Այսպիսով, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, Ազատ գյուղի նշված տունը որպես ժամանակավոր կացարան ծառայել է 2020 թվականից, որն ինժեներասակրավորական ստորաբաժանումն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցրել է 2021 թվականից։ Ըստ այդմ, վարչապետի և ՔԿ հայտարարությունները միմյանց փոխլրացնող են, իսկ Էդմոն Մարուքյանի հայտարարությունն այս մասով սխալ է։