Հասարակություն

«Դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, դրա համար եմ այստեղ. Գեղարքունիքի մարզի դատախազ

«Դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, դրա համար եմ այստեղ. Գեղարքունիքի մարզի դատախազ

 Ես չեմ, որ զորամասի հրդեհի դեպքով պետք է հաշվետու լինեմ, որովհետեւ վարույթը նախաձեռնվել է եւ քննվում է Զինվորական դատախազությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:

 

«Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում: Ես մարզի դատախազն եմ, բայց սույն վարույթն ինձ չի առնչվում, հետեւաբար ես չէ, որ պետք է դեպքով բացատրություններ տամ կամ հանրությանը ինչ-որ մանրամասներ ներկայացնեմ»,- ասաց դատախազ:

 

Երիցյանի խոսքով՝ մարզի տարածքում դեպքի հետ կապված այլ հանգամանքներ էլ կան. «Դրա համար ես այստեղ եմ, իսկ թե ինչ, դա թող մնա հետագայում: Այլ իրողություններ ի հայտ չեն եղել, դեպքի հետ է կապված, որը հնարավոր է՝ նաեւ իմ մասով առնչվի, այսինքն՝ ոչ զինվորական»:

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250