ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ներկայացրել ադրբեջանցիների՝ ՀՀ-ից Արցախ երեխաներ տեղափոխող ավտոմեքենա ներխուժելու փաստը

 Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը քիչ առաջ արձագանքել է Արցախ վերադարձած երեխաների նկատմամբ ադրբեջանցիների գործողություններին. 

«Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ թվով 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները, որոնք ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից փաստագրվել և ներկայացվում են երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու ՄԱԿ մոնիտորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին։ 

Դեպքն ունի մի շարք յուրահատկություններ։ Իրենց ընտանիքի հետ միավորվող երեխաներն արդեն մեկ ամսից ավել կրել են հոգեբանական տառապանքներ՝ բաժանված լինելով իրենց ծնողներից ու հարազատներից, զրկված լինելով կրթության ու զարգացման համար բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքներից։ Այս ընթացքում կրել են հանրային ավելորդ հետաքրքրասիրության հետևանքները, հոգեբանական տառապանքներ են ունեցել Արցախում բնակվող իրենց ընտանիքների անվտանգության համար։ 

Տեղափոխման ընթացքում ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել երեխաների հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության բավարար երաշխիքներ։ 

Լաչինի հումանիտար միջանցքն ապօրինաբար արգելափակած ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոց ներխուժելու և երեխաներին սարսափեցնելու դեպքը, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել, էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է, այն ոտնահարում է կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման միջազգային հիմնարար սկզբունքներն ու նորմերը։ 

Նշված դեպքով ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող կեղծ ակտիվիստների գործողությունը լիովին տեղավորվում են Արցախում սարսափի ու ֆիզիկական անձեռնմխելիության անմիջական վտանգի միջավայր ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության մեջ»։

Քաղաքականություն