Հայ-ադրբեջանական նորացված հակամարտությունն ընդգծում է ՌԴ-ի նվազող ազդեցությունը. «The New York Times»-ի անդրադարձը

Հայաստան-Ադրբեջան նորացված հակամարտությունն ընդգծում է Ռուսաստանի նվազող ազդեցությունը «The New York Times» պարբերականի թղթակից Իվան Նեչեպուրենկոն այսօր հրապարակել է զեկույց` դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման վերաբերյալ` ընդգծելով, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլանում են: 

 

Զեկույցում  մասնավորապես ասվում է, որ 2020 թվականի վերջին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդեց Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և երկու կողմերի միջև տեղակայեց 2000 ռուս խաղաղապահ, դա համարվեց ռազմավարական հմուտ քայլ: 

 

Այս գործարքը ՌԴ-ին տվեց բանակի ներկայություն Ադրբեջանում, իսկ Հայաստանի դեպքում` խորացրեց երկրի հույսը` ՌԴ-ին որպես իր անվտանգության երաշխավորի դերում տեսնելու: Այն դիրքավորեց  Պուտինին որպես խաղաղարար և կարծես հաստատեց իր հայտարարությունը Ռուսաստանի օրինական ազդեցության մասին, որը կարող է պահպանել կայունությունը նախկին խորհրդային տարածքում: 

 

Երկու տարի անց Ադրբեջանը կրկին թեժացրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի համար պայքարը: Ռուսաստանը, շեղված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և թուլացած, չմիջամտեց: Արհամարհելով ռուս խաղաղապահների ներկայությունը, Ադրբեջանն ասես ստուգում է` արդյոք Մոսկվան շարունակում է իր կամքը պարտադրել տարբեր, ավելի փոքր երկրներին՝ Ուկրաինայում իր պայքարի ֆոնին:

 

 «Կարելի է նկատել, որ Ռուսաստանի ռեսուրսները տարածաշրջանում սահմանափակվում են»,- հայտարարել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող կառավարամետ վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը։ Իվան Նեչեպուրենկոն զեկույցում նշել է, որ ճանապարհային արգելափակումները միանգամայն նոր սրացումներ են ենթադրում. «Լեռնային Ղարաբաղի սուպերմարկետներում քիչ քանակությամբ սննդամթերք և խմիչք կա, իսկ տակդիրների և հիմնական դեղերի տրամադրումն այնքան քիչ է, որ բնակիչները Facebook-ում հրապարակումներ են կատարում` դրանք փնտրելով: Ուրբաթ օրվանից մարդիկ պետք է կտրոններ ձեռք բերեն` բրինձ, մակարոն, հնդկաձավար կամ շաքարավազ գնելու համարլ»: 

 

«Ուկրաինայի վրա ուշադրության ողջ կենտրոնացումը իրավիճակը դարձնում է ավելի փխրուն և Ադրբեջանին ուժ կիրառելու և ավելի ագրեսիվ լինելու նոր հնարավորություն է տալիս»,- ընթացիկ հարցազրույցում հայտարարել է Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը։

 

 Իվան Նեչեպուրենկոն հոդվածում մեջբերել է Բաքվում ճգնաժամային խմբի վերլուծաբան Զաուր Շիրիևի կարծիքն առ այն, որ Ռուսաստանի լծակները գնալով նվազում են թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Ռուսաստանի բանակին, կարծես թե, շատ ավելի քիչ է ձեռնտու ՀՀ-ին ռազմական օգնության հատկացումը, քանի որ Ռուսաստանին այդ զենքը պետք է Ուկրաինայում: Հոդվածագիրն ընդգծում է նաև վերլուծաբանի այն միտքը, որ Պուտինը ցանկանում է պաշտպանել Թուրքիայի՝ Ադրբեջանի գերակշռող դաշնակցի հետ կապերը: 

 

Հայ քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն էլ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը «ստեղծել է միջավայր, որտեղ ռուսական զսպող ուժը չի գործում տարածաշրջանում»։ 

 

Թե ինչպես կարելի է լուծել ներկա աղետը` դեռ պարզ չէ: Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ շրջափակում չի իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որ ապահովում է հումանիտար և բժշկական հարցերով ելումուտը: Հոդվածագիրը գրում է, որ իրականում իրավիճակն ավելի սարսափելի է Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ովքեր արգելափակված են, ունեն սննդի և տարբեր անհրաժեշտ պարագաների պակասուրդ: Չեն կարողանում միավորվել այն ընտանիքները, որոնց տան անդամների մի մասը եղել են Հայաստանում` բլոկադայի սկզբին:

 

 «Հայաստանն ունի հսկայական ռազմավարական խնդիր», - ասել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, որը երկար տարիներ ուսումնասիրել է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտոթյունը. «Պարոն Փաշինյանը «կցանկանար շատ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, սակայն նա կառչած է Ռուսաստանին, որպես իր հիմնական ռազմաքաղաքական դաշնակից»,- նշել է նա։ Այդուհանդերձ, երբ Ռուսաստանը «շեղվել է», Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մեծացրել են իրենց ջանքերը՝ երկարատև խաղաղություն հաստատելու և Կովկասում իրենց ազդեցությունը կառուցելու համար: Իվան Նեչեպուրենկոյի կարծիքով` վերոգրյալի ապացույցը Եվրոպական միության կողմից կազմակերպված համաժողովներում Փաշինյանի և Ալիևի օգոստոսին և հոկտեմբերին կայացած հանդիպումներն են։ Վերլուծաբանները բանակցային ուղիները բնորոշեցին որպես անսովոր. մեկը գլխավորում էր Ռուսաստանը, մյուսը` ԵՄ-ն, այն ժամանակ, երբ Մոսկվան և Արևմուտքը զբաղված են ներքին խնդիրներով։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ խորհրդատու Տոյվո Կլաարը հարցազրույցում նշել է. «Ներկայիս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի համար ավելի շատ հնարավորություններ կան` հակամարտությունը հաղթահարելու համար: Հարցն այն է, թե արդյոք նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից»: