Որպես հումք օգտագործվող մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանին ԱԱՀ չի գանձվի

 Հայաստանում արտադրական գործունեության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծումը սահմանին կազատվի ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

 

«Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արդյունահանման վերջնական արտադրանք ստանալու համար: Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկ է գանձվում, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից»,-ասաց Արզումանյանը:

 

Այսպիսով առաջարկվել են փոփոխություններ և լրացումներ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում:

«Առաջարկվում է ցանկում ընդգրկել արտադրության համար որոշ խումբ ու նյութեր, ինչպես նաև այն հումքն ու նյութերը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ ստանալով հարկային արտոնություն՝ Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիմքով, որը ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել: Փաստորեն նախագծով ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արտադրանք ստեղծելու համար: Նախատեսվում  է հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ պատճառով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկից գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում»,-ասաց փոխնախարարը:

 

Այն ապրանքները, որոնց վերաբերյալ նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ հանելով սահմանին ԱԱՀ-ի գանձումը, 2021 թ-ին ներմուծվել են շուրջ 11 մլն դոլարի չափով: Սակայն ակնկալվում է, որ սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան դրանց ներմուծման ծավալները: Ցանկում ավելացվող ապրանքներից են՝ աշորա (սերմացու), վարսակ (սերմացու), Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում և այլն:

Փոխնախարարը վստահեցրեց, որ նախագծի ընդունումը միայն ժամանակային ազդեցություն կարող է ունենալ պետբյուջեի հարկային եկամուտների վրա, իսկ գումարային ազդեցությունը կլինի չեզոք: