Արցախում օրական 4 ժամ լույս չի լինի. փոխվել է հովհարային անջատումների գրաֆիկը
Արցախում վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Նման որոշում է կայացվել այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում։
Արցախում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է. ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները:
«Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Վարդանյանը նիստի ընթացքում անդրադարձել է նաև կտրոններով իրականացվող առաջնային ապրանքների վաճառքին` նշելով, որ վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում` 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով: Վարդանյանի խոսքով` շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:
Պետնախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:
Նիստի ժամանակ ներկայացվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։