ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ֆիրդուսում․ ինչ է կատարվում
Ֆիրդուսի շուկայում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է: Հարկադիր կատարման ծառայողները ոստիկանների հետ մեկտեղ եկել են ապամոնտաժելու Ֆիրդուսի շուկայի տարածքում առկա պահեստները: Այնտեղ գտնվող քաղաքացիները վիճում են ոստիկանների ու հարկադիր կատարողների հետ:
Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Սողբատյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Գողություն օրը ցերեկով։ Այս պահին մեր հասցեում հարկադիրն իր սև գործն է անում, կոտրում է մեր սեփական գույքը կաշառակեր դատավոր Մուրադ Հովակիմյանի որոշմամբ, որն այս պահին բողոքարկվում է։ Կառավարությունը, Ազգային ժողովը լռում են»,-գրել է Սողբատյանը։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ԴԱՀԿ մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։
«Հարկադիր կատարաման ծառայողներն այս պահին իրականացնում են դատական ակտի կատարողական գործողություն՝ ապահովելու Հանրապետության 8 ա տարածքում դատաապրանքագիտական փորձագիտություն»,-ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ դեռ Կառավարության որոշմամբ 2006-ին 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։
Կապ հաստատեցինք նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին, որտեղից մեզ ասացին, որ նշված հասցեի սեփականատերը հրաժարվում է դատարանի պահանջով Հարկադիր կատարման ծառայողներին թույլատրել մուտք գործել իր տարածք՝ չափագրումներ իրականացնելու համար։
Քաղաքապետարանից պարզաբանեցին նաև, որ տարածքի սեփականատերը բանավոր կերպով, առանց փորձագիտական փաստաթղթի նշել է գումարի չափ՝ 3․000․000 ԱՄՆ դոլլար։
«Այս պահին Հարկադիր կատարման ծառայողները կատարում են դատական ակտի պահանջը՝ որն է տարածքում իրականացնել դատաապրանքագիտական փորձագիտություն»։
Մանրամասները՝ տեսանյութում․