Արցախի շարունակվող շրջափակումը լայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա, նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։
Արցախի շրջափակման մեկ ամսյա շրջափակման առիթով Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ տեղական, հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակը և ահագնացող ռիսկերը։ Տեսակամրջի մասնակիցները կոչ են արել ողջ հայությանը և քաղաքակիրթ աշխարհին օգտագործել առկա ողջ գործիքակազմը իրավիճակի հանգուցալուծման համար:
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակված են օրվա վիճակագրական տվյալները.
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 12.800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
«Մենք էլ պետք է խոսենք հայերի` Բաքու և Սումգայիթ վերադարձի մասին». Սիմոնյանի պատասխանը` Ալիևին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակում Բաքվից հնչող այն հայտարարությունները, թե «արևմտյան ադրբեջանցի...
ՀՀ ԱԳՆ–ն` Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով...