Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է քաղաքական խոսակցություն սկսվի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման ու նաև ՀՀ-ից ԼՂ էլեկտրագծի աշխատանքի խափանման թեմաներին:
«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը:
Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ:
ԼՂ-ին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել: Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում:
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է: Մյուս կողմից՝ մենք պետք է որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Առաջին հերթին վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս: Եվ հետո՝ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է:
«Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և ռազմական էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը:
«Մյուս կողմից, մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պիտի կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ: Այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին: ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է Հայաստանում, պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...