ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Charlie Hebdo-ի ծաղրանկարներն Իրանում բողոքի ցույցերի պատճառ են դարձել
Հունվարի 8-ին Թեհրանում բողոքի ցույց է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կապված Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ծաղրանկարների հրապարակման հետ։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ ի նշան բողոքի ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից երկրի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի տասնյակ ծաղրանկարների հրապարակման վիրավորական քայլի դեմ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ ընդունում իր սրբություններին, իսլամական, կրոնական և ազգային արժեքներին ուղղված վիրավորանքները», - հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ասել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, ասվում է հայտարարության մեջ:
«Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների և մուսուլմանական ազգերի սրբություններին ուղղված վիրավորանքները», - նշել է նա՝ արտահայտելով Իրանի «խիստ բողոքը» Ֆրանսիայի կառավարությանը։
Ավելի վաղ Charlie Hebdo-ն հայտնել էր, որ պատրաստվում է հատուկ համար թողարկել՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարներով: Շաբաթաթերթը դեկտեմբերի սկզբին մրցույթ էր հայտարարել համապատասխան ծաղրանկարների ստեղծման համար։ Արդյունքում Charlie Hebdo-ն հրապարակել է տասնյակ ծաղրանկարներ, որոնք ծաղրում են Իսլամական Հանրապետության բարձրագույն կրոնական և քաղաքական գործչին:
Հիշեցնելով Charlie Hebdo-ի՝ իսլամը, Մուհամեդ մարգարեին և Սուրբ Ղուրանը վիրավորելու «մութ պատմությանը»՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այս «ատելի, վիրավորական և չարդարացված» գործողության համար։
«Թեհրանն իրեն իրավունք է վերապահում տալ համաչափ պատասխան», - ասել է նա՝ միաժամանակ Ֆրանսիայի դեսպանին հանձնելով ԱԳՆ բողոքի պաշտոնական նոտան։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի կառավարությունից ակնկալում է բացատրություններ և համապատասխան քայլեր՝ դատապարտելու հրապարակման «անընդունելի պահվածքը», ընդգծել է նա: