Բաց արեք կյանքի ճանապարհը. Արցախի ՄԻՊ
Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք։ Այս մասին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։
«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։
Արդեն 24-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։
Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: