Արդարադատության նախարարը՝ բոլոր դատավարությունների թվայնացման մասին
Արդարադատության նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
«Արդարադատության նախարարությունը համակարգում է արդարադատության ոլորտի բոլոր համակարգերի թվայնացման գործընթացները: Անցնող տարվա ընթացքում մեկնարկել և այժմ բուռն ընթացքի մեջ են գտնվում քաղաքացիական դատավարության թվայնացման աշխատանքները: Վայոց Ձորում արդեն իսկ պիլոտային կարգով գործարկվել է քրեական գործերի մինչ դատական վարույթի էլեկտրոնային համակարգը»,- նշել է Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որում գրանցվելով քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթներին, դրանց ընթացքին, կիրառված արգելանքներին, կատարել վճարումներ, հետևել դրամական միջոցների և այլ գույքի ապաարգելադրման և կատարողական վարույթի կարճման գործընթացին։
«Այս ուղղությամբ նաև աշխատում ենք քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների մարման դեպքում նրանց հաշիվների ապաարգելադրման ժամկետը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: ՀՀ բանկերի մեծամասնության հետ պիլոտային ծրագրի ներդրման արդյունքում այդ ժամկետը հասել է մինչև 1 օրվա՝ նախկին 7 և ավել օրերի փոխարեն»,- հավելել է Մինասյանը։
Մեկ այլ նորամուծություն է Պրոբացիայի ծառայության աշխատանքն ամբողջությամբ թվայնացնող «e-probation» հարթակը, ինչը թույլ կտա ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները: Ներդրվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «e-health» էլեկտրոնային առողջապահության համակարգը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում դատապարտյալ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման հետ կապված գործողությունների ամրագրումները կկատարվեն տվյալ հարթակի միջոցով:
Նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ, միաժամանակ շարունակելու և ավարտին է հասցնելու ընթացիկ ծրագրերը:
«Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ, որտեղ մուտք գործելով քաղաքացին կարող է ստանալ արդարադատության համակարգի բոլոր ծառայությունները, հեշտ և արագ իրացնել իր իրավունքները»,- եզրափակել է Մինասյանը։