Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր. Բաբայան
Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել... եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։
Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: