Իրանի արտգործնախարարը՝ գեներալ Սուլեյմանի սպանության մասին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ԱԳՆ-ն ամերիկյան կողմին տեղեկացրել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ Թեհրանի ձեռնարկած որոշ իրավական միջոցների մասին, հաղորդում է Mehr-ը:
Իրանի արտգործնախարարությունը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան երրորդ տարելիցին նվիրված արարողություն է անցկացրել, որին ներկա են եղել Աբդոլլահիանը եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:
Իր խոսքում Աբդոլլահիանը նշել է, որ արտաքին գործերի նախարարության անքակտելի պարտականությունն է այդ սպանության իրավական հետապնդումը, եւ այդ նպատակով նշանակվել է դիվանագետ, որը պատասխանատու է իրավաբանական եւ միջազգային ասպարեզում գեներալ Սուլեյմանիի սպանության հետաքննության համար։
Իրանի արտգործնախարարը հավելել է, որ այդ նպատակով ԱԳՆ-ում ձեւավորվել է նաեւ հատուկ կոմիտե, որը սերտորեն համագործակցելու է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դատական մարմինների եւ իրավաբանական բաժնի, Կուդս ուժերի եւ Իրանի այլ կազմակերպությունների հետ:
Աբդոլլահիանի խոսքով՝ օգտագործելով այդ մեխանիզմը՝ ԱԳՆ-ին հաջողվել է արագացնել գործի իրավաբանական եւ դատական ընթացքը։
Ամիր Աբդոլլահիանը նաեւ նշել է Իրաքի կառավարության համագործակցությունն այդ հարցում։ Արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների դատական մարմինների միջեւ կա սերտ համագործակցություն, եւ մինչ այժմ Թեհրանի եւ Բաղդադի միջեւ տեղի է ունեցել ճշգրիտ եւ տեխնիկական քննարկումների երեք փուլ:
Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը՝ հավելելով, որ իրաքյան կողմի հետ համագործակցությամբ պատրաստվել են անհրաժեշտ փաստաթղթեր՝ միջազգային մակարդակով իրավական եւ դատական գործընթացների ընթացքում ներկայացնելու համար:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Իրաքի կառավարությունը ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ գեներալ Սուլեյմանին Իրաքում պաշտոնական հյուր է եղել, երբ տեղի է ունեցել սպանությունը։