Երևանում «Lexus RX» է բռնկվել. ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին
Երևանի Իսակովի պողոտայում «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 03։09-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2005 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 03:55-ին: Այրվել է ավտոմեքենան․ ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են համապատասխան աշխատանքներ վարորդի դին դուրս բերելու համար։