Կիևը պատրաստ է ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունն ու բուժումը․ Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հյուրընկալել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ ապահովելու նրա անվտանգությունն ու բուժումը։


Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Զելենսկու կոչը վրացական իշխանություններին՝ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահմանյան կլինիկա ուղարկելու համար, միջամտություն է երկրի ներքին գործերին։ Զելենսկին նախօրեին Վրաստանի իշխանություններին կոչ է արել ողորմություն ցուցաբերել Սաակաշվիլիի նկատմամբ և նրան տեղափոխել ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա։

 

«Անհնար է ուղիղ եթերում դիտել, թե ինչպես է ձեր ծանոթ մարդը մահանում: Անհնար է դիտել, թե ինչպես են սպանում Վրաստանի պատմությունն ու նրա նախագահին՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Ուկրաինան պատրաստ է ընդունել Միխայիլ Սահակաշվիլիին՝ երաշխավորել նրա անվտանգությունն ու պատշաճ բուժումը»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք Սաակաշվիլին կարճ ժամանակով ղեկավարել է Օդեսայի մարզը, սակայն հետո հեռացվել է աշխատանքից։ Ինչպես հայտարարել է Պորոշենկոն, Սաակաշվիլին ոչ միայն չի կատարել տարածաշրջանը զարգացնելու իր խոստումները, այլեւ զգալիորեն վատթարացրել է նրա տնտեսական ցուցանիշները։ 2017 թվականի հուլիսի վերջին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։ Երկրորդ անգամ քաղաքական գործիչը ուկրաինական անձնագիր է ստացել Զելենսկու օրոք։

Քաղաքականություն

Պատահարներ