Իրանի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը արագ կլուծվի։ Պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին ԻՍՆԱ-ի թղթակցի հարցին՝ Նասեր Քանանին նշել է. 

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա»։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վստահ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին։

 

 Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից, Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով։ 

 

Իր հերթին ISNA-ն ընդգծում է, որ վերջին օրերին Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացրել է տարբեր երկրների արձագանքը, քանի որ այդ երկրները կարծում են, որ այդ միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի այս տարածաշրջանի բնակիչների համար և խախտում է խաղաղ գործընթացը։

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էին Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: 

 

 Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ 

Քաղաքականություն

Պատահարներ