Բորելն Իրանին հորդորել է դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավարը իրանցի պաշտոնակցին հորդորել է անհապաղ դադարեցնել Ռուսաստանին ռազմական աջակցությունը և թուլացնել երկրի ներսում բռնաճնշումները։ Նշենք, որ  Ժոզեպ Բորելի և Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հանդիպումը տեղի է ունեցել Հորդանանում՝ Իրան-ԵՄ լարված հարաբերությունների ֆոնին։

 

Թեև միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, Բորելն, այդուհանդերձ, շեշտել է, որ Բրյուսելը կշարունակի աշխատել արդյունքի հասնելու ուղղությամբ։

 

«Պայմանավորվել ենք բաց պահել հաղորդակցությունը և վերականգնել #JCPOA-ն Վիեննայի բանակցությունների հիման վրա», - թվիթերում գրել է Բորելը՝ նկատի ունենալով սեպտեմբերից դադարած բանակցությունները։

 

Ամիր Աբդոլահիանն, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան գերտերությունները պետք է «կառուցողական» մոտեցում որդեգրեն 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու համար։

 

Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վճռական փուլում Իրանը երկրում սկիզբ առած բողոքի ցույցերին արձագանքել է աննախադեպ դաժանությամբ։ Բացի այդ, Արևմուտքը Թեհրանին մեղադրում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու համար, որոնք, ինչպես պնդում է Կիևը, ռուսական ուժերը կիրառում են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ