Ուկրաինայի էներգետիկ համակարգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

«Укрэнерго»-ն Ուկրաինայի էներգետիկ համակարգում արտակարգ դրություն է հայտարարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, ռուսական հարձակումների հետևանքով գրանցվել է Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգի սպառման 50%-ի կորուստ: Այս կապակցությամբ ընկերությունը հայտարարել է համակարգի վթարային ռեժիմի մասին:

 

Նշենք, որ  Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի էներգաենթակառուցվածքների վնասման պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի արտակարգ վթարային անջատումներ են լինելու։

 

«Ուկրաինայի մի քանի մարզերում էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի վթարային անջատումներ են կիրառվելու», – գրել է Տիմոշենկոն իր Telegram ալիքում։

 

Նա ուկրաինացիներին հորդորել է ըմբռնումով մոտենալ էլեկտրաէներգիայի անջատումներին և ջրի ու ջեռուցման մատակարարման տատանումներին։

Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ողջ տարածքով օդային տագնապ էր հայտարարվել։ Ուկրաինական «5-րդ ալիքը» հայտնում էր Կիևի և Խարկովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։

 

ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսել է հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Ըստ ՌԴ իշխանության` այդ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։ Այդ օրվանից ուկրաինական մարզերում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

Քաղաքականություն

Պատահարներ