ԿԳՄՍ նորանշանակ նախարարը դպրոցներում արգելել է ռազմահայրենասիրական պարապմունքները. «Ժողովուրդ»

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երևանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:

 

«Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն: Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել»,–գրում է թերթը։

Սա նշանակում է, որ դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել:

 

Թերթը գրում է, որ սա կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Դումանյանի փոխարեն նախարար է նշանակվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Քաղաքականություն

Պատահարներ