Գասպարյանն օժանդակել է 858 մլն-ի անշարժ գույքի վատնման փորձին. մանրամասներ

 Գ. Հ-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետև՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ. Գ-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին: 

Մասնավորապես, Վլադիրմիր Գասպարյանը, որպես Ոստիկանության պետ, 2012-2019 թվականների ընթացքում, հանդիսանալով Կազմակերպության նախագահ, նպատակադրվել է վատնման եղանակով հափշտակել վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից: 

Գ. Հ-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վերադասին չհակադրվելու և հաճոյանալու անձնական այլ դրդումներով՝ Վ. Գ-ի հետ իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրությունը, որով հավաստվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ. իբր 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վ. Գ-ի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, Կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Կազմակերպության գույքային ֆոնդում՝ Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին: 

Այնուհետև, Գ. Հ-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ. Հ-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը: 

Պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման նպատակով նվիրառուի՝ «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ ներկայացուցիչ Ա. Մ-ի կողմից, պայմանագիրը 2018 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ Կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը (այն Կազմակերպությանը տրամադրված է եղել անհատույց օգտագործման պայմանագրով, իսկ գրանցման համար չեն ներկայացվել անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված համապատասխան պահանջները կատարելու մասին փաստաթղթեր): 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գ. Հ-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Քաղաքականություն

Պատահարներ