Ինչպես է կողաշրջվել ՊՆ-ի մեքենան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է վարելու կանոնները խախտելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

Երեկ հայտնի դարձավ, որ ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 1 զինծառայող մահացել է, 7–ը` վնասվածքներ ստացել։

 

«ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է, զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել կայազորային զինվորական հոսպիտալ»,– ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ