Չինաստանը չի կարողանա ավելի լավ բանակ ստեղծել, քան ԱՄՆ-ինն Է

Չինաստանն այժմ Միացյալ Նահանգների համար ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն Է ներկայացնում, բայց Վաշինգտոնը թույլ չի տա Պեկինին աշխարհում առաջին տեղն զբաղեցնել ռազմական ոլորտում, հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

 

«Չինաստանը ներուժ ունի՝ դառնալու մեծ մարտահրավեր ԱՄՆ-ի համար. եւ նրանք, ըստ Էության, նկատի ունենալով իրենց ժողովրդագրությունները, տեխնոլոգիաները, տնտեսություններն ու մյուս բաները, արդեն ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն են հանդիսանում ԱՄՆ-ի համար»,-ասել Է Միլլին՝ հանդես գալով ճեպազրույցում:

 

Բայց նա նշել Է, որ ԱՄՆ-ը «թույլ չի տա Չինաստանին՝ մեզնից առաջին տեղը խլել պաշտպանության ոլորտում»: Նա հավելել Է, որ չինացիներին չի հաջողվի դա անել «ո՛չ հինգ տարի, անց, ո՛չ 10 տարի անց, ո՛չ 15 տարի անց»:

 

«ԱՄՆ-ը ռազմական առումով ներկայում, անկասկած, չնայած ցանկացած քննադատության, ամենամահացու ռազմական մեքենան Է Երկրագնդում»,-հավելել Է Միլլին: «ԱՄՆ-ի բանակը «թիվ մեկ» բանակն Է, եւ մենք մտադիր ենք մնալ «թիվ մեկը»,-նշել Է նա:

 

Դրա հետ մեկտեղ Միլլին ընդգծել Է, որ Չինաստանն ակտիվորեն զարգանում Է ռազմական ոլորտում, մասնավորապես, տիեզերքում եւ կիբեռտարածությունում: Սակայն, նրա խոսքով, «Չինաստանը չի կարողանա ավելի լավ բանակ ստեղծել, քան ԱՄՆ-ինն Է, թեեւ նրանք փորձելու են դա անել»:

Քաղաքականություն

Պատահարներ