Թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են․ վարչապետը՝ ԱԳՆ-ից հեռացած դիվանագետների մասին

ՀՀ կառավարությունը պարզել է, որ տարբեր երկրներում գործող դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձիք։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն է արել Նիկոլ Փաշինյանը։

 

«Շատ շնորհակալ ենք, որ 90-ականներին սփյուռքի մեր շատ հայրենակիցներ աջակցել են դեսպանատներ հիմնելու գործում, բայց 2019-20 թվականին մասնավոր ֆինանսավորումով դեսպանատո՞ւն... Պատկերացրեք` ՀՀ ոստիկանությունում լինի մի բաժին, որի ֆինանսավորումն ապահովի, ասենք, «մասիվցի մեր սիրելի հայրենակից էսինչ-էսինչյանը», ձեր արձագանքը ինչպիսի՞ն կլինի»,- նշել է վարչապետը ու հավելել, որ արգելել է նման ֆինանսավորումը։

 

Անդրադառնալով քաղաքական նշանակումներին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականին հայտարարել էր, որ այդ մոտեցումը պետք է նվազագույնի հասցվի։

 

«Հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց արտաքին գործերի նախարարությունը նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, դա ի՞նչ էր, հիմա նրանք զբաղված են գիտական շատ կարևոր աշխատանքով։ Չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում։ Չեն կիսում, թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են»,- ասել է Փաշինյանը։

Նա կոչ է արել  նրանց մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, ակցիաներին, քանի որ, ըստ վարչապետի, դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է։

Քաղաքականություն

Պատահարներ