ԱՄՆ-ն Գերմանիայում շտաբ է ստեղծում Կիևին զենք մատակարարելու համար. Պենտագոն

ԱՄՆ-ն Գերմանիայում ստեղծում է Ուկրաինային օգնելու նոր խումբ, որը երկարաժամկետ հեռանկարում կզբաղվի այդ երկիր սպառազինությունների մատակարարման վերահսկմամբ: Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Այսօր ուրախ եմ հայտարարել, որ պաշտպանության նախարարությունը կստեղծի Ուկրաինային օգնելու խումբ, որը մենք կկոչենք SAGU։ Դա կլինի հատուկ շտաբային բաղադրիչ Վիսբադենում (Գերմանիա)՝ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարությամբ», - ասել է Սինգհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Նա ավելացրել է, որ նոր շտաբը ԱՄՆ-ին թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում շարունակել աջակցությունն Ուկրաինային:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։

Քաղաքականություն

Պատահարներ