«Խաղաղապահների ժամկետը երկարաձգելու իմ առաջարկը չընդունվեց». Նիկոլ Փաշինյան
«Սոչիում եռակողմ բանակցությունների ընթացքում ես առաջարկել եմ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20, 15 կամ 5 տարով: Պետք է ասեմ, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- այս մասին ԱԺ-ում 2023 թ. բյուջեի նախագծի քննարկան ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հավելեց․ «Տեղյակ եք, որ քննարկվում է, որ կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ։ Ես կարող եմ ներկայացնել, թե ինչու։
Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ դա ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում։ Բայց, քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»։
|