
Աբդոլլահիանը և Բորելը կբանակցեն միջուկային ծրագիրը վերականգնելու հարցով

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի հեռախոսազրույց կունենա Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ։ Այդ մասին Աբդոլլահիանը հայտարարել է Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ТАСС-ը։
«Այսօր ես հեռախոսազրույց կունենամ եվրոպական դիվանագիտության ղեկավար պարոն Բորելի հետ բանակցությունների կարգավիճակի և կողմերից պահանջվող հետագա քայլերի շուրջ»,- նախարարի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Միջուկային ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից միջուկային զարգացման հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցած տարվա ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ծրագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։ 2021 թվականից սկսած համաձայնագիրը վերականգնելու մի շարք փորձեր են արվել, որոնք դեռ արդյունք չեն տվել։