
«Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ. ԶԼՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Այս մասին գրում է Civilnet.am-ը։
Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։
«Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։
Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը