Իրանը մինչև տարեվերջ 1000 զենք և անօդաչու թռչող սարքեր կուղարկի Ռուսաստան. CNN

Իրանը մինչև 2022-ի տարեվերջ Ռուսաստանին կմատակարարի մոտ 1000 զենք, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրներից մեկի պաշտոնյաներին, որոնք վերահսկում են իրանական զենքի մատակարարման ծրագիրը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ սպառազինության մատակարարումը կներառի անօդաչու թռչող սարքեր և փոքր հեռահարության «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ։  Ինչպես հայտնում է CNN-ը, ոչ վաղ անցյալում Իրանը Ռուսաստանին ուղարկել է 450 անօդաչու թռչող սարք, որոնք արդեն ներգրավված են եղել Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ։

 

Ամռանը Ռուսաստան իրանական անօդաչու սարքերի հնարավոր մատակարարումների մասին գրել էր Washington Post-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանից պահանջել էր դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստանին։  

 

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեղյակ չէ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին:  

 

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում ասել էր, որ իր երկիրը զենք չի ուղարկում Ռուսաստան։

Քաղաքականություն

Պատահարներ